Երևանում մեկնարկել է «Ելք» դաշինքի քայլերթը՝ ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ անելու պահանջով

18:30 • 30.03.17

19:35

Այս պահին երթի մասնակիցները կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ են:

«Ելք» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Հայկ Կոնջորյանը հիշատակեց, որ իրենք դիմել են ԿԸՀ, որպեսզի վերջինս քննի Հանրապետական կուսակցության ընտրություններին մասնակցելու հարցը: Նրա խոսքով՝ 19:00-ի ԿԸՀ պետք է քննարկի այդ հարցը:

«Մեր քաղաքացիական կամքով մենք ցույց պիտի տանք, որ նման զարտուղի ճանապարհներով իշխանություն վերցնել չի կարելի»,- ասաց նա:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Արամ Սարգսյանն էլ հավաքվածներին ասաց, որ արդեն իրենք հասել են իրենց քարոզարշավի վերջնակետին: Նրա խոսքով՝ իրենք աշխատել են թիմով: «Մեր դեմքի արևայրուքը ցույց է տալիս, որ մենք աշխատել ենք ամբողջ ուժով, հետևաբար ունենալու ենք արդյունքներ»,- ասաց նա՝ նշելով, որ ինչքան ընտրությունները մոտենում են, այնքան կրքերը թեժանում են, այնքան հետաքրքիր է դառնում, այնքան պարզվում է, թե ով ինչ խաղ է խաղում»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց՝ ՀՀ քաղաքացին չի՛ վաճառվում: «Մենք հանգիստ, ժպտալով, «ելք կա» ասելով  քարոզարշավ ենք իրականացնելու»,- ասաց նա, հետո անդրադառնալով ընտրատեղամասերում հնարավոր զարգացումներին՝ նշեց, որ եթե իրենք վստահված անձանց նկատմամբ բռնություն կիրառվի, եթե ինչ-որ բան իրականացվի ընտրական  գործընթացի դեմ, ապա իրենք հակահարված են տալու:

____________

«Չհուսահատվեք, ելք կա» կոչերով Երևանում մեկնարկել է «Ելք» դաշինքի քայլերթը՝ ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ անելու պահանջով։ 

«Ելք» դաշինքի անդամ, ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երթին մասնակցում են դաշինքի ներկայացուցիչներով:

«Ելք դաշինքը ձևավորվել է հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ձևավորվել է՝ ասելու, որ Հայաստանում հաստատված հուսահատ փոսից ելք կա, և ապրիլի 2-ին քաղաքացին հնարավորություն ունի օգտվելու այդ ելքից՝ ընտրական տեղամասեր գնալով և «Ելք» դաշինքի օգտին քվեարկելով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը մարտի 28-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ համարելու պահանջով դիմում:

Նշենք նաև, որ թե՛ «Ելք», թե՛ «Օhանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները դպրոցի տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների հետ կապված դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով հանձնաժողովից, որպես կուսակցության ընտրական ցուցակը գրանցող մարմին, դիմել դատարան՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: 

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հրապարակել դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները, որոնք նախընտրական շրջանում ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքագրում: