ՀՀԿ–ն ռեյտինգային թեկնածուների վարկանիշով 10%–ով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքի ցուցանիշը. Gallup
«Հանրապետական» կուսակցության ձայները 4 տոկոսով գերազանցում են «Ծառուկյան» դաշինքի ձայներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը՝ ներկայացնելով միջազգային Gallup International գործակալության և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից իրականացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք անցկացվել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության պատվերով:
Հարցումն իրականացվել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընդառաջ, իրականացվել է ընտրելու իրավունք ունեցող 1005 քաղաքացիների շրջանում, Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, մարտի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում։
Մինչ թվերն ամբողջությամբ ներկայացնելը Պողոսյանն ասաց, որ հարցումն անցկացրել է «իսկական ամերիկյան Gallup»-ը, հարցումն անցկացվել է Gallup-ի մեթոդաբանությամբ, ինչը փաստեց նաև ասուլիսին ներկա դոկտոր Ռասա Ալիսաուշկիենեն, ով Gallup-ի ներկայացուցիչն է Բալթյան երկրներում:
Հարցման համաձայն՝ հիմնական մրցակցությունը ծավալվում է ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև, բայց առաջատարը՝ ՀՀԿ-ն է: Հարցման մասնակիցները, պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ եք տալու ձեր ձայնը, ասել են ՀՀԿ (30,2 տոկոս), «Ծառուկյան» դաշինք (29,1 տոկոս):
Գևորգ Պողոսյանը նշեց, որ այս տոկոսներն աճելու են, քանի որ այս քվեարկության ժամանակ ընտրողները նշելու են նաև ընտրատարածքներում տարբեր կուսակցություններից ընդգրկված ռեյտինգային մասնակիցների։
ՀՀԿ-ն առաջատարն է նաև ռեյտինգային թեկնածուների քվեների շնորհիվ: Ըստ հարցման արդյունքների՝ տարածքային թեկնածուների օգտին քվեարկելու են ՀՀԿ-ի համար 31,7 տոկոսը, իսկ «Ծառուկյան» դաշինքի համար՝ 21,8 տոկոսը:
«Այստեղ 10%-ի տարբերություն կա ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի միջև, ինչը գալիս է նրանից, որ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները երևի ավելի ուժեղ են լինելու, կամ շատ են լինելու»,- ասաց Գևորգ Պողոսյանը՝ ավելացնելով, որ քվեարկության ժամանակ այս ձայները կգումարվեն համապատասխան կուսակցությունների ստացված քվեներին:
Մնացած բոլոր ուժերը մեծ տարբերությամբ են հետ մնում հիմնական 2 մրցակիցներից. «Ելք» (9 տոկոս), ՀՅԴ (7 տոկոս), «Հայկական վերածնունդ» 3 տոկոս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (4 տոկոս), ՀԱԿ-ՀԺԿ (4 տոկոս), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (3 տոկոս), «Ազատ դեմոկրատներ» (3 տոկոս):
Հարցման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Ազգային ժողով, բացի ՀՀԿ-ից ու «Ծառուկյան» դաշինքից, կարող են անցնել նաև ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն և ԵԼՔ-ը:
Դոկտոր Ռասան նշեց նաև, որ Gallup-ի անցկացրած հարցման համաձայն մեծ է վարչապետ Կարեն Կարապետյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անհատական վարկանիշը: Հարցվողների 72 տոկոսը դրական է գնահատում Կարեն Կարապետյանին, 23 տոկոսը՝ բացասական: Գագիկ Ծառուկյանին դրական է գնահատում հարցվածների 73 տոկոսը, բացասական է գնահատում 23 տոկոսը:
«Չնայած ՀՀԿ ցուցակում Կարեն Կարապետյանը չկա, նա է ամենից շատը ձայն բերում կուսակցությանը: Մի բան կարող եմ հստակ ասեմ, որ կուսակցության առաջնորդները, քաղաքական լոկոմոտիվը, մեծ դեր ունեն կուսակցության համար: ԲՀԿ-ն իհարկե, չէր հավաքի այսքան ձայն, եթե Ծառուկյանը չլիներ, որովհետև ԲՀԿ-ն իր հիմնած կուսակցությունն է, ինքն է տանում այն առաջ: Կարեն Կարապետյանի նկատմամբ էլ վերաբերմունքը դրական է բնակչության մեջ ու դա ազդում է կուսակցության վրա»,- ասաց Գ. Պողոսյանը:
ԵԼՔ-ից Նիկոլ Փաշինյանի անձը 34 տոկոսը դրական է գնահատում, բայց ավելի շատ բացասական են գնահատում՝ 63 տոկոսը, ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին 25 տոկոս է դրական գնահատում, իսկ 71 տոկոսը՝ բացասական, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ավելի շատ բացասական է ընկալվում՝ 76 տոկոս, իսկ դրական նրան գնահատում է 21 տոկոսը:
Նշենք նաև, որ հարցման համաձայն ընտրողների 50 տոկոսը հաստատապես մասնակցելու է ընտրություններին, իսկ 35 տոկոսը՝ հավանաբար է մասնակցելու:










