Հայտնաբերվել է Ֆ-1 տեսակի ձեռքի հակահետևակային պաշտպանողական նռնակ

16:47 • 31.03.17

Մարտի 31-ին, ժամը 13:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Որմնադիրների փողոցի թիվ 72 տան մոտակայքում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը սակրավորներով և մեկ մարտական հաշվարկ:

Սակրավորների խումբը դեպքի վայր է մեկնել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանի հանձնարարությամբ տեղում մանրամասն ուսումնասիրություններ կատարելու համար, քանի որ մոտ մեկ տարի առաջ պայթուցիկ սարքից նշված հասցեում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել էր մեկ անձ:

Պարզվել է, որ Որմնադիրների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 52 տան մոտակայքում հայտնաբերվել է Ֆ-1 տեսակի ձեռքի հակահետևակային պաշտպանողական նռնակ:

Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք: