Ավստրալիան լրացուցիչ ստուգումներ է սահմանում Մերձավոր Արևելքի երկրներից ավիաուղևորների համար

16:25 • 31.03.17

Ավստրալիայի կառավարությունը որոշում է կայացրել հաջորդ շաբաթվանից Մերձավոր Արևելքի երկրներից Ավստրալիա չվերթների ուղևորների համար լրացուցիչ ստուգումներ սահմանելու մասին: Այդ մասին հայտարարել է ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտի հարցերով նախարար Դարեն Չեստերը՝ նշելով, որ պայթուցիկ նյութերի առկայության համար ուղեբեռի և ձեռքի ուղեբեռի ստուգումներն իրականացվելու են վայրէջքի գոտիներում և կլինեն ընտրողական, հայտնում է ТАСС-ը:


Ավստրալիայի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ խոսքը Դոհայից, Դուբայից և Աբու Դաբիից ուղիղ չվերթների մասին է:


«Ցանկանում եմ բոլորին վստահեցնել, որ Ավստրալիայի անվտանգության համար ոչ մի կոնկրետ վտանգ չկա։ Անվտանգության մեր գործընթացների փոփոխությունները համապատասխանում են վերջերս հայտարարված նմանատիպ բրիտանական և ամերիկյան միջոցներին»,- ասել է նախարարը:


Նա նշել է, որ ներկայում չկա որևէ արգելք ինքնաթիռի սրահ էլեկտրոնային սարքերի տեղափոխման համար։ Նախարարը նաև հստակեցրել է, որ այժմ երեք մերձարևելյան օդանավակայաններից Ավստրալիա ուղիղ չվերթներ իրականացնում են Qantas, Etihad, Emirates, Qatar Airways ավիաընկերությունները: