Բարզանին հայտարարել է, որ Իրաքի քրդերը մոտ ապագայում կարող են անկախության հանրաքվե անցկացնել. Rudaw
Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրաքի քրդերը մոտ ապագայում կարող են անկախության հանրաքվե անցկացնել, այս մասին հայտնում է քրդական Rudaw կայքը:
Աղբյուրը նշում է, որ Բարզանին Գուտերեշին լուրը հայտնել է անձամբ, և շեշտել, որ ցանկանում էր, որ ՄԱԿ-ը դա լսի հենց իրենցից:
«Թող ամբողջ աշխարհը տեղյակ լինի քուրդ ժողովրդի ցանկության և իր ապագան որոշելու վճռականության մասին», - ասել է Բարզանին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն, իր հերթին, ընդգծել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է համագործակցել Իրաքյան Քուրդիստանի հետ հակաահաբեկչական պայքարի ու տարածաշրջանային մի շարք խնդիրների կարգավորման հարցում:










