Հաքերներն Օլանդի ֆեյսբուքյան էջում «զիլ երեկույթի» հրավեր են տեղադրել

08:47 • 31.03.17

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հաքերային հարձակման, ինչի հետևանքով ղեկավարի էջում «զիլ երեկույթի» հրավեր է տեղադրվել:


Ինչպես հայտնում է ria.ru-ն, հրավերի հեղինակները բոլոր ցանկացողներին մայիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրել են Օլանդի նստավայր՝ Ելիսեյան պալատ: Հաքերները նշել են, որ երեկույթը կազմակերպվելու է Օլանդի նախագահական լիազորությունների վայր դրման կապակցությամբ:


Նշվում է, որ կեղծ գրառումը երկրի ղեկավարի ֆեյսբուքյան էջից հեռացվել է 1 ժամ հետո:


Աղբյուրը մանրամասնում է, որ, ըստ ամենայնի, կեղծ գրառումն անողները «Կողմ ենք Օլանդի հրաժարականին» շարժման ակտիվիստներն են, որոնք, սակայն, հերքում են իրենց ներգրավվածությունը տվյալ միջադեպին:


Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կայանալու են 2 փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: Օլանդը որպես թեկնածու չի մասնակցում դրանց: