Թրամփի նախկին խորհրդականը համաձայնել է պատմել Ռուսաստանի հետ կապերի մասին՝ մի պայմանով

11:30 • 31.03.17

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը, որը հրաժարական էր տվել Ռուսաստանի հետ գաղտնի բանակցությունների շուրջ սկանդալից հետո, պատրաստ է պատմել այն ամենն, ինչ իրեն հայտնի է ԱՄՆ-ում ընտրությունների վրա ազդելու Մոսկվայի ենթադրյալ փորձերի մասին: Ֆլինը ցուցմունքների դիմաց պահանջել է քրեական հետապնդումից պաշտպանություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


«Գեներալ Ֆլինը միանշանակ պատմելու բաներ ունի, և նա շատ կուզենար ամեն ինչ պատմել, եթե թույլ տան հանգամանքները»,- հայտարարել է նախկին խորհրդականի փաստաբան Ռոբերտ Քելները: Սակայն, նա հավելել է, որ դրա դիմաց Ֆլինին հարկավոր է «անարդար քրեական հետապնդման» դեմ պաշտպանություն:


«Ոչ մի նորմալ մարդ ցուցմունք չի տա նման «վհուկների որսի» քաղաքականացված իրավիճակում՝ առանց անարդար հետապնդումից պաշտպանության»,- ասված է փաստաբանի հայտարարությունում:


Հինգշաբթի ԱՄՆ սենատում սկսվել են նախընտրական արշավի վրա ռուս հաքերների ազդեցության գործով լսումները:


ԱՄՆ սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարք Ուորները մեղադրել է ռուսական իշխանություններին նախագահական ընտրություններին միջամտելու փորձերի համար: