Կիմ Չոն Նամի մարմինը, ինչպես նաև սպանության կասկածյալներն ուղարկվել են Հս. Կորեա

09:24 • 31.03.17

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի ավագ եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության համար կասկածվող 3 հոգին Մալայզիայի իշխանությունների թույլտվությամբ լքել են երկիրն ու մեկնել Պեկին, ուր տեղափոխվում է նաև Նամի մարմինը։ Այնտեղից նրանք Փհենյան են ուղևորվելու:


Ինչպես նշում է Reuters-ը, Կուալա Լումպուր-Պեկին չվերթն իրականացնող օդանավում են գտնվել Մալայզիայում Հյուսիսային Կորեայի դեսպանատան 2-րդ քարտուղարն ու մեկ այլ բարձրաստիճան աշխատակից: Նշվում է նաև, որ 2-ի հետ է եղել սպանության մեջ կասկածվող 3-րդ հյուսիսկորեացին, որը դեսպանատան աշխատող չէ: Հայտնի է, որ սպանվածի դին նույն ինքնաթիռով է հայրենիք ուղարկվել:


Աղբյուրը մանրամասնում է, որ Մալայզիայի իշխանությունները մարտի 30-ին համաձայնել են Կիմ Չոն Նամի դին ուղարկել Հյուսիսային Կորեա, ինչի դիմաց Փհենյանը խոստացել է ազատ արձակել այնտեղ պահվող 9 մալայզիացու:


Հիշեցնենք, որ Կիմ Չոն Նամը սպանվել էր փետրվարի 13-ին՝ Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում: Վարկածներից մեկի համաձայն՝ հյուսիսկորեացուն սպանել են կրտսեր եղբոր՝ Կիմ Չեն Ընի կարգադրությամբ: