Պամելա Անդերսոնը խոստովանել է, որ սիրում է Ջուլիան Ասանժին
Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնն իր բլոգում խոստովանել է, որ սիրում է Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հայտնում է BBC-ն:
Նա նշել է, որ Ասանժի հետ իր հարաբերությունները «գաղտնիք չեն»: Անդերսոնն Ասանժին անվանել է «մեր ժամանակների ամենահայտնի փախստական» և իր ամենասիրելի մարդկանցից մեկը:
«Ջուլիանն անհավանական կարեկցանքով մարդ է, նա անհանգստանում է խաղաղության համար… Ջուլիանը փորձում է աշխարհն ազատ դարձնել՝ գիտելիք տալով նրան… Եվ ես սիրում եմ նրան դրա համար: Նա ամենաուժեղն է, բայց այժմ ապրում է անառողջ, ստորացուցիչ և անմարդկային պայմաններում»,- գրել է աստղը:
Նա անհանգստանում է, որ Շվեդիան կպնդի Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցում, և կոչ է արել Ստոկհոլմին «սկսել առաջադեմ մտածել» և չհնազանդվել Վաշինգտոնին, «ինչպես անում են շատ երկրներ»:
Կայքը հիշեցնում է, որ անցած տարվա հոկտեմբերին Պամելա Անդերսոնն այցելել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանած Wikileaks-ի հիմնադրին, որտեղ նրան սնունդ է տարել: Այդ ժամանակ լրատվամիջոցները կասկածներ են հայտնել նրանց ռոմանտիկ հարաբերությունների մասին:
Անդերսոնը սկսել է այցելել 44-ամյա Ասանժին 2014թ. սեպտեմբերից:
Ասանժը 2012թ. հունիսից ապրում է Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան մեղադրում են բռնաբարության համար: Ասանժը մտավախություն ունի, որ Շվեդիայի իշխանություններն իրեն կարող են արտահանձնել Միացյալ Նահանգներ, որտեղ նրան ցմահ ազատազրկում է սպառնում:










