Տեխասում 13 հոգու կյանք խլած ավտովթարի ժամանակ վարորդը հեռախոսով sms-ներ գրելիս է եղել
Փիքափի վարորդը, ով ԱՄՆ Տեխասի նահանգում հարվածել էր բեռնատարին, որի հետևանքով զոհվել էր 13 մարդ, պարզվում է՝ հեռախոսով հաղորդագրություններ գրելիս է եղել, հաղորդում է Associated Press-ը:
Ըստ գործակալության, վթարի վկա հանդիսացող Ջոդի Կաչլերն ասել է, որ մեքենայով ընթացել է փիքափի հետևից, երբ նկատել է, որ այն աջուձախ անկանոն շարժումներ է անում:
Ըստ Կաչլերի՝ վթարից հետո նա խոսել է վարորդի հետ, ով խոստովանել է, որ սմս հաղորդագրություններ է գրել վարելու ընթացքում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը բապտիստական եկեղեցուն պատկանող բեռնատարը, որի մեջ 14 տարեց ծխականներ կային, վթարի է ենթարկվել՝ բախվելով փիքափին, որից հետո 13 հոգի մահացել է:










