ԱՄՆ-ն այսօրվանից ստանձնում է ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահությունը՝ սպառնալով կրճատել ՄԱԿ-ի ֆինանսավորումը
Միացյալ Նահանգներն այսօրվանից ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Համաշխարհային կազմակերպության առանցքային կառույցի աշխատանքը մեկ ամիս կղեկավարի Նիքի Հեյլին, որը թեև զբաղեցնում է ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը մոտ երեք ամիս, բայց արդեն հիշվել է ՄԱԿ-ի հասցեին իր քննադատությամբ, գրում է ТАСС-ը:
Նա ամերիկյան նոր վարչակազմի այն անդամներից է, որոնք հրապարակայնորեն հանդես են գալիս ՄԱԿ-ի ֆինանսավորումը կրճատելու օգտին: Մարտի կեսին Հեյլին հայտարարել է, որ կազմակերպությունն «ավելի շատ գումարներ է ծախսում, քան հարկավոր է, և դա շատ ավելի մեծ բեռ է դնում Միացյալ Նահանգների վրա, քան այլ երկրների»:
Վաշինգտոնն, ընդհանուր առմամբ, կազմակերպության և դրա ծրագրերի վրա ծախսում է մոտ 10 միլիարդ դոլար: Ավելի վաղ Foreign Policy ամսագիրը հայտնել է, որ ամերիկյան վարչակազմը մտադիր է այդ գումարը կրճատել ավելի քան 1 միլիարդ դոլարով: Այժմ ամերիկյան կոնգրեսում քննարկվող ԱՄՆ-ի բյուջեն նախատեսում է ՄԱԿ-ի, այդ թվում դրա խաղաղարար գործունեության և կլիմայի փոփոխությունների հետևանքների դեմ պայքարի ծրագրերի ֆինանսավորման կրճատում:
Անվտանգության խորհրդում երկրի նախագահությունը տևում է մեկ ամիս: Մարտին խորհրդի աշխատանքը ղեկավարել է Մեծ Բրիտանիան, իսկ մայիսին նախագահությունը կստանձնի Ուրուգվայը:










