Բողոքի ակցիա կառավարության դիմաց. տոնավաճառների աշխատակիցները հանդիպում են անցկացնում վարչապետի օգնականի հետ (թարմացված)
14.52
Կառավարության դիմաց բողոքող առևտրականները փոխեցին իրենց մտադրությունը և որոշեցին հանդիպել վարչապետի Կարեն Կարապետյանի օգնականի հետ: Այս պահին մի քանի առևտրականներ վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանի հետ հանդիպման են:
14.11
—————————————————
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող առևտրականները Tert.am-ի հետ զրույցում նշեցին, որ ՊԵԿ-ը հավասար պայմաններ չի ստեղծում բիզնես միջավայրում, մանր բիզնեսին ճնշում է:
«Մեզանից ներմուծման թուղթ են ուզում, բոլոր աշխատողներին, ասում են, գրանցեք, նախազգուշացնում են տուգանելու մասին, ամսական 30-40 հազար հարկ ենք վճարում՝ ավելին են ուզում։ Թող թողեն՝ մանրերը շնչեն, թող խոշորներից էլ ներմուծման թուղթ ուզեն, ինչի՞ չեն ուզում, բարեկամ, ծանոթ, խնամի են՝ այդ պատճառով»,-նշեց առևտրականներից մեկը:
Նրանց խոսքով՝ բնակչության սոցիալական վիճակն անընդհատ նվազում է, ուստի իրենք եկամուտ չունեն, որպեսզի «հարկային ահաբեկումների» դեմն առնեն:
Ակցիայի մասնակիցները վարչապետ Կարեն Կարապետյանին հորդորում են հարկային խնդիրների մասին հենց առևտրականների հետ զրույցում լսել: Ըստ նրանց՝ չպետք է վստահել ՊԵԿ հաղորդագրություններին:
13։30
—————————————————
Կառավարության դիմաց բազմաթիվ մարդիկ իրենց բողոքի ցույցը շարունակում են՝ ընթացքում Հանրապետության հրապարկի շրջակայքում երթեր են իրականացնում։
Այս պահին նրանք կրկին Կառավարության դիմաց են և մինչև ժամը 14։00–ը ժամանակ տվեցին իրենց ընդունելու և խնդիրը կարգավորելու համար։ Ցուցարարները խոստացան ևս մեկ անգամ ժամանակ տրամադրել, սակայն չկատարելու դեպքում այլ քայլերի կգնան։
«Մենք չենք հեռանա մինչև մեզ պատասխան չտան, թող մեզանից չնեղանան»,– ասաց ցուցարարներից մեկը։
—————————————————
13.00
Գործադիր մարմնի մոտ բողոքի ակցիա իրականացնողներին, որոնք վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում էին պահանջում, մոտեցավ վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանը։ Նա տեղեկացրեց, որ հանդիպումը հնարավոր է կազմակերպել։
«Ես վարչապետի օգնական եմ, սիրով պատրաստ եմ հանդիպել, խոսել։ Հանդիպումը կարող է լինել նաև այլ տարբերակով՝ կարող ենք հանդիպել նաև ՊԵԿ կոմիտեում՝ լիազոր մարմնի հետ մեկտեղ»,– հայտարարեց Զոհրաբյանը։
Վարչապետի օգնականը հանդիպումը լրագրողներով չանցկացնելը պատճառաբանեց ավելի անկաշկանդ խոսելու հնարավորությամբ։
Սակայն հավաքվածներ չհամաձայնեցին առաջարկին և շարունակեցին «վար-չա-պետ» վանկարկումները։






12.40
—————————————————
Կառավարության շենքի դիմաց այսօր «Առինջ մոլ», «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Առևտրականների դժգոհությունը կապված է հարկային տեսուչների հետ։
Տոնավաճառի աշխատակիցները բողոքում են, որ հարկային տեսուչներն ահաբեկում են իրենց՝ ստիպելով ներկայացնել, թե ինչ են գնել կամ վաճառել։
Նրանք ժամանակ են տվել վարչապետին՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում ավելի կտրուկ գործողություններ կգնան։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում էր տարածել այս առիթով՝ նշելով, որ տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է, գերատեսչությունը տուգանելու փոխարեն նախազգուշացնում է։










