Նրանք փոխանցել են մեզ, որ պետք է ուժեղ լինենք․Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ

23:51 • 22.04.17

Ցեղասպանությունը վերապրածի չորրորդ սերունդը ներկայացնող դիզայներ Աննա Ասլանյանին 1915 թվականին կատարվածի մասին պապիկն է պատմել, ում հայրն ու մայրն էլ այդ ժամանակ  Արևմտյան Հայաստանից բռնել են գաղթի ճանապարհը և հասել Արևելյան Հայաստան՝ Թալին:

«Մուշից են նրանք եկել,- Tert.am-ին պատմեց նա,- պապիկիս հայրը շատ մեծ ընտանիք է ունեցել՝ թոռներ, ծոռներ, մեծ գերդաստան, որտեղից փրկվեցին ընդամենը երեք տղաներ՝ մեկը՝ 7, մյուսը՝ 9, երրորդ էլ՝ 4 տարեկան: Երեք եղբայրներն էլ միասին են եղել, ճանապարհին կորցրել են իրենց մի եղբորը: Նրանք Մուշի Աղջվան գյուղից գաղթել են Արևելյան Հայաստան և այստեղ էլ ընտանիք են կազմել: Ուժ են գտել իրենց մեջ կյանքը շարունակելու»:

Աննա Ասլանյանի պատմածով՝ պապիկի մոր վերապրածն էլ շատ ծանր է եղել, ամբողջ ընտանիքից միայն նա է կենդանի մնացել, և բազում դժվարությունների գնով հաստատվել Արևելյան Հայաստանում: «Պապիկիս ծնողները՝ Շուշանը և Սեդրակն այստեղ են արդեն ծանոթացել և իրենց ընտանիքը կազմել»,- նշեց նա:

Աննա Ասլանյանի խոսքով՝ ինքը, որպես ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, պարտավորվածություն ունի, նախ և առաջ լսելու և չկորցնելու իր նախնիները պատմությունները: Ըստ նրա՝ նախ պետք է ճանաչենք մեր պատմությունը, այն, ինչ ունենք, իմանանք, թե որտեղից ենք մենք գալիս և ուր ենք գնում:   

Ցեղասպանությունը վերապրածի ժառանգն արդեն ինքն է վերապատմում իր նախնիների անցած ճանապարհի դժվարությունները․«Եղբայրներով ցուլեր են ունեցել: Ցլերին տարել են Մուշի կողքի գետերից մեկը լողացնելու, և երբ վերադարձել են, տեսել են, որ բոլորը վիրավորվել են, մահացել: Իրենք որոշել են ճամփա ընկել և փրկել իրենց: Իրենք երկու եզների և սայլի հետ երկու եղբայրները փախել են: Երեք տարի է տևել նրանց դեգերումները, հասել են Երևան, ճանապարհին կորցրել են իրենց սայլը, իրենց մի եզը, և արդեն վերջում  մնացել է մեկ եզ: Արդեն Արևելյան Հայաստանում այդ մեկ եզով ապրում էին․ բեռներ էին փոխադրում կոպեկներով և ապրում»:

Աննա Ասլանյանի խոսքով՝ իր պապիկը միշտ ցավով է խոսել իր հայրիկի հետ կատարվածի մասին: «Նրանց հիշողությունների մեջ աննկարագրելի չափերի ցավ կա: Բայց նրանք մեզ այդ ցավը չեն փոխանցել: Հակառակը նրանք փոխանցել են մեզ, որ պետք է ուժեղ լինենք և կարողանանք դիմակայել կյանքի դժվարություններին»,- ասաց նա: