Ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը հիմնազուրկ է և կազմված է դատողություններից. Տիգրան Մուկուչյան
Սահմանադրական դատարանում՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» -ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ այսօր ելույթով հանդես եկավ պատասխանող կողմը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ըստ նրա՝ ներկայացված դիմումում առկա են կամայական մեկնաբանություններ և դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն: «Ներկայացված դիմումը կազմված է 38 էջից և բովանդակային առումով ներկայացված է 25 էջ: Մի շարք բաներ և՛ դիմումում են ներկայացված, և՛ հավելվածում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դիմումի իրավական հիմնավորումներին՝ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ այն ամբողջովին հիմնազուրկ է և իրավական հիմնավորումներ չկան: «Դիմումում ապացուցողական բազա չկա, կազմված է դատողություններից»,-ասաց նա և նշեց, որ հիմնազուրկ են նաև այն պնդումները, ըստ որոնց՝ ծառայողական պարտականություններ կատարելիս անձինք զբաղվել են քարոզչությամբ:
Ինչ վերաբերում է մանկապարտեզների և տնօրենների հայտնի ձայնագրություններին, ապա ԿԸՀ նախագահը նկատեց, որ դիմումում նշված է, թե նրանք հանրային ծառայողներ են՝ այն դեպքում, երբ, ըստ օրենքի սահմանման, ՊՈԱԿ-ները և դրանց ղեկավարները չեն ներառվում հանրային ծառայողների թվում: Ըստ նրա՝ դիմումը գրված է «աչքի չափով», և, բացի դրանից, պարունակում է սխալներ:










