Հայտնի է դարձել Թուրքիայում Wikipedia-ի արգելափակման պատճառը

10:11 • 03.05.17

Թուրքիայում Wikipedia առցանց հանրագիտարանի արգելափակման պատճառ է դարձել կայքում հրապարակված երկու հոդված` «Սիրիայի քաղաքացիական պատերազմում օտար միջամտություն» և «Պետության կողմից աջակցություն ստացող ահաբեկչություն» վերնագրով անդրադարձները, հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:

Թուրքիայում Wikipedia-ի արգելափակման պատճառի մասին պարզ է դարձել երկու թուրք ակադեմիկոսների` պրոֆեսոր Յաման Աքդենիզի և դոցենտ Քերեմ Ալթըփարմաքի կողմից Wikipedia-ի արգելափակման որոշումը բողոքարկելու արդյունքում:

Թուրքական դատարանի որոշմամբ` այդ հոդվածների ու նման պարունակությամբ մյուս նյութերի առանձին արգելափակման դեպքում Wikipedia-ի ընդհանուր աշխատանքը Թուրքիայի տարածքում կվերականգնվի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսն արձագանքել է Թուրքիայում կայքի արգելափակմանը։

Ուեյլսը Twitter-ի իր պաշտոնական էջում նշել էր, որ իրենք պատրաստ են աջակցել թուրք ժողովրդին` տեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքի համար մղվող պայքարում:

«Տեղեկատվության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Ես միշտ կաջակցեմ թուրք ժողովրդին իր այդ իրավունքի իրացման համար մղվող պայքարում», - գրել է Wikipedia-ի հիմնադիրը:

Հայտնի է դարձել Թուրքիայում Wikipedia-ի արգելափակման պատճառը