Facebook-ը մտածել է՝ ինչպես պայքարել սպանությունների հեռարձակումների դեմ
Facebook սոցիալական ցանցը լրացուցիչ երեք հազար մարդ կվարձի ագրեսիվ հրապարակումների և բռնության տեսարանների հեռարձակումների դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնել է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ցուկերբերգը հայտարարել է, որ ցավալի էր տեսնել մարդկանց, ովքեր վնաս են հասցնում իրենց կամ այլ մարդկանց Facebook-ում ուղիղ հեռարձակումների ժամանակ:
Նա հավելել է, որ սոցցանցը նաև կհեշտացնի բողոքների ներկայացման մեխանիզմը, որպեսզի աշխատակիցները կարողանան ավելի արագ արձագանքել դրանց և անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահ մարմիններին:
«Անցած շաբաթ մենք ստացել ենք հաղորդագրություն, որ հեռարձակում իրականացնող մեկը կարող է ինքնասպանություն գործել: Մենք անմիջապես կապվեցինք իրավապահ մարմինների հետ, և նրանք կարողացան կանխել դեպքը»,- գրել է Ցուկերբերգը:
Ընկերությունը նման որոշում է կայացրել սոցիալական ցանցում սպանությունների և ինքնասպանությունների հեռարձակումների մի քանի դեպքերից հետո:










