Facebook-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է՝ շահույթի վերաբերյալ ներդրողների անհանգստության պատճառով
Facebook Inc սոցիալական ցանցը հայտնել է եռամսյակային շահույթի և եկամտի աճի մասին՝ բջջային գովազդի արագ աճող բիզնեսի շնորհիվ: Չնայած դրան` ընկերության բաժնետոմսերը հետընթաց են գրանցել աճուրդների ավարտից հետո՝ ապագա շահույթի վերաբերյալ ներդրողների անհանգստության պատճառով, հայտնում է Reuters գործակալությունը:
Աճուրդի ավարտից հետո Facebook-ի բաժնետոմսերը նվազել են 2,4 տոկոսով՝ հասնելով 148,12 դոլարի: Երեքշաբթի ընկերության բաժնետոմսերը հասել էին ռեկորդային 153,60 դոլար ցուցանիշի:
Նշվում է, որ նոր արտադրանքները, որոնց թվում է տեսանյութերում կամ Messenger հավելվածում գովազդը, կարող են խթանել աճը, սակայն ընկերության ֆինանսական տնօրեն Դևիդ Վեները և ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը չորեքշաբթի հայտնել են, որ այդ ծրագրերը զարգացման սկզբնական փուլում են:
Միևնույն ժամանակ, ընկերությունը հայտնել է, որ ծախսերը զգալի կմնան և ընթացիկ տարում, 2016 թվականի համեմատ, կաճեն 40-50 տոկոսով՝ սահմանափակելով ապագա շահույթը:
Facebook-ը հայտնել է, որ 2017 թվականի առաջին երեք ամսում եռամսյակային շահույթն աճել է 76,6 տոկոսով՝ մինչև 3,06 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր եկամուտն աճել է 49 տոկոսով՝ մինչև 8,03 միլիարդ դոլար:










