Մեքսիկացին քաղցկեղն ախտորոշող կրծկալ է ստեղծել
Մեքսիկացի ուսանող Խուլիան Ռիոս Կանտուն ստեղծել է նորարարական կրծկալ, որը կարող է ախտորոշել զարգացման վաղ շրջանում գտնվող կրծքագեղձի քաղցկեղը՝ հնարավորություն տալով կնոջն արագ բուժում սկսել:
Ինչպես նշում է indy100.com կայքը, 18-ամյա երիտասարդը պատմել է, որ անձնական դրդապատճառ է ունեցել նման կրծկալ ստեղծելու համար: Հայտնի է, որ երիտասարդի մոր մոտ քաղցկեղ է ախտորոշվել, ինչի հետևանքով կնոջ 2 կրծքագեղձն էլ հեռացվել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ Կանտուն իր 3 ընկերոջ հետ հիմնել է կենսազգայակների (բիոսենսոր) արտադրությամբ զբաղվող Higia Technologies ընկերությունը, որի արտադրանքը EVA կրծկալն է:
Այն առավելապես օգտակար կլինի այն կանանց համար, որոնք գենետիկորեն հակված են կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը:
Ստեղծողի համաձայն՝ EVA-ն շատ ավելի հեշտ է օգտագործման մեջ ու ավելի էժան, քան մամոգրաֆիան:
Նշվում է, որ կրծկալում ներդրված է 200 կենսազգայակ, որոնք կազմում են կրծքի մակերևույթի քարտեզն ու արձանագրում դրա վրա տեղի ունեցող փոփոխությունները:
Աղբյուրը նկատում է, որ կրծքի չափի նույնիսկ աննշան մեծացումը, ջերմաստիճանի տատանումը կարող են վկայել քաղցկեղի առաջացման մասին:
Կրծկալի առավելություններից մեկն այն է, որ այն կարելի է կրել շաբաթվա մեջ ընդամենը մի քանի ժամ: Այդ ժամանակը բավական է եղած փոփոխությունները նկատելու համար:
Նշվում է, որ այս նորարարության համար մեքսիկացին արժանացել է Global Student Entrepreneur Awards (GSEA) մրցանակին:










