Կուզեի մի թոռ ունենալ՝ Արմենիս նման խելոք, համեստ, կրթված. Բերդաձորի Արմենի մայր (տեսանյութ)

21:43 • 09.05.17

Հայրենիքի անկախության և ազատության համար զոհված Արմեն Հովհաննիսյանի (Բերդաձորի Արմեն) մայրը՝ տիկին Լաուրան արդեն 23 տարի է շաբաթը երկու անգամ այցելում է որդու գերեզմանին:

«Կուզեի մի թոռ ունենայի, Արմենիս նման խելոք, համեստ, կրթված»,- պատմում է տիկին Լաուրան, ապա երկար դադարից հետո շարունակում. «Որ ասում էի ամուսնացի, ասում էր՝ այ մամ, ամուսնանամ, մի որբ էլ ես թողնե՞մ երկրի վրա: Ասում էր՝ երբ կավարտվի պատերազմը կամուսնանամ, բայց Երևանում չեմ ապրելու, Բերդաձորում եմ ապրելու: Այնտեղ ինչ-որ բլուրի վրա արդեն տուն էր սկսել կառուցել, դե հիմա...»:

Արմեն Հովհաննիսյանը ավարտել էր պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատում էր «Հայէլեկտրագործարանում», երբ սկսվեց Արցախյան շարժումը:

Բերդաձորի Արմենը «Զորավար Անդրանիկ» կամավորական ջոկատի, Շենգավիթի  առաջին վաշտի կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և ԼՂՀ Շուշիի, Մարտակերտի, Ֆիզուլիի, Լաչինի շրջանների, Բերդաձորի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 

1994թ. ապրիլին Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մատույցներում  վաշտն ընկնում է շրջափակման մեջ: Արմենը և իր 13 զինակիցները կրակը վերցնում են իրենց վրա՝ ապահովելով վաշտի մնացած ազատամարտիկների անվտանգ նահանջը: Զինամթերքը սպառվում է, տղաները նետվում են ձեռնամարտի և զոհվում:

«40 օր հետո ցինկերը բերեցին, դրեցին առաջներս, չգիտեինք իրենք են, իրենք չեն, բայց... այդտեղից մարդ չէր փրկվի: Թող խաղաղություն լինի աշխարհում, ոչ մի մայր մեր պես չսգա»,- ասաց տիկին Լաուրան:

Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Նրա անունով է կոչվել Երևանի թիվ 194 դպրոցը:


Մանրամասները՝ տեսանյութում: