Հաշմանդամություն ունեցողների համար հարմարավետությունն ապահովված է, սակայն մենք դրանով չենք բավարարվել. Տ. Մարգարյան (տեսանյութ)

18:16 • 09.05.17

Նախընտրական քարոզչության շրջանակում Երևանի քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ավագանու թեկնածուներ Երվանդ Երզնկյանի, Հրայր Անտոնյանի, Կամո Հովհաննիսյանի, Ենոք Ազարյանի, Աստղիկ Գևորգյանի, Նաիրա Նահապետյանի հետ միասին հանդիպեցին Արաբկիր համայնքի բնակիչներին:

«Երևանում դեռ բազում խնդիրներ մնացել են և մեր նախընտրական ծրագրում ներառել ենք քաղաքացիների խորհուրդները, առաջարկները: Կարող ենք այս 4 տարիների ընթացքում մեր կատարած աշխատանքների մասին բազում փաստերով խոսել, բայց մենք հստակ գիտենք մեր անելիքները»,-բնակիչների հետ հանդիպմանն ասաց Տարոն Մարգարյանը:

Նա նշեց, որ քաղաքային տրանսպորտի, բնակֆոնդի ուղղությամբ անելիքներ դեռ ունեն, քանի որ քաղաքացիները դժգոհում են համատիրություններից: «Այո, իրատեսական է, որ կան այդտեղ խնդիրներ և մենք նախապատրաստել ենք օրենսդրական փոփոխություններ, այդ ուղղությամբ արդյունավետ կառավարում կունենանք և մեր բնակֆոնդի պահպանումը կլինի ավելի վերահսկելի, և քաղաքացիների կողմից մասնակցություն անպայման կլինի»,-ասաց նա:

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցողների խնդիրներին՝ Տարոն Մարգարյանն ասաց, որ այսօրվա դրությամբ շուրջ 2 հազար թեքահարթակ է կառուցվել: «Հաշմանդամություն ունեցողների համար հարմարավետությունն ապահովված է, սակայն մենք դրանով չենք բավարարվել, անելիքներ ունենք և բոլոր ՀԿ-ների հետ համագործակցում ենք, որ չզիջենք ոչ մի զարգացած քաղաքի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Երևանը զարգացող քաղաք է:

«Մեր ընդդիմախոսները փորձում են քաղաքացիների ականջներին լավ խոսքեր հնչեցնել, մենք չենք եկել խոստումներով, մենք եկել ենք մեր աշխատանքով, հստակ, իրատեսական ծրագրով և վստահ ենք, որ մեր փորձառու թիմով կարող ենք այդ ամենը կյանքի կոչել»,-ասաց նա և կոչ արեց մայիսի 14-ին վստահել այն ուժին, որը գիտի Երևանի դարդ ու ցավը, խնդիրները: