Մենք պետք է փոխենք ամբողջ քաղաքական կառուցվածքը, որ մեր տատիկներն ու պապիկներն այդ 15 հազար դրամի կարիքը չունենան. Զ. Փոստանջյան

16:03 • 09.05.17

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կուսակիցների հետ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհեց Անհայտ զինվորի գերեզմանին և իր հարգանքի տուրքը մատուցեց Շուշիի ազատագրման և Հայրենական պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակին:  Այնուհետև երթով շարժվեցին դեպի «Եռաբլուր» պանթեոն:

«Մենք հաղթանակի երկիր ենք, եթե մեր 20-ամյա զինվորը կարողացել է ունենալ բարձր քաղաքացիական, քաղաքական կամք, պահել է սահմանն անցյալ տարի, կանխել է թշնամու մուտքը մեր մայրաքաղաք Ստեփանակերտ, ուրեմն մեր տատիկ-պապիկներն էլ կարող են մայիսի 14-ին գնալ մարտի, վերցնել  իշխանությունը, վերադարձնել այն մեր ժողովրդին»,-լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

Նա, անդրադառնալով  Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ բոլոր նրանց, ովքեր չեն վերցնի ընտրակաշառք քաղաքապետարանի սոցիալական ֆոնդից կտրամադրի 15 հազարական դրամ, ասաց. «Քաղաքապետարանը և թաղապետարաններն ունեն հատուկ ֆոնդեր, որոնք սոցիալապես անապահով խավերին տրամադրում են օգնություն: Հետևաբար, ես չեմ կարծում, որ այդ օգնությունը պետք է շահարկվի:  Այդ սոցիալական աջակցությունն այս պահին էլ տրամադրվում է սոցիալապես անապահովներին: Լրացուցիչ գալ ասել, որ ես էլ կտրամադրեմ, ճիշտ չէ: Սոցիալապես անապահով շերտերը, երբ գնում են ընտրակաշառք վերցնելու քայլին, նրանք խոցելի են, նրանից շատերը սոված են ուղղակի»:

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը փաստում է, որ ՀՀ-ում մեկ միլիոնից ավելի մարդ գտնվում է աղքատության մեջ: Դա պաշտոնական տվյալ է:

«Նույնիսկ այդ 15 հազարական դրամները նրանց չի բավարարում: Մենք պետք է փոխենք ամբողջ քաղաքական կառուցվածքը, որ մեր տատիկներն ու պապիկներն այդ 15 հազար դրամի կարիքը չունենան: Եթե դու չես լուծում համակարգային խնդիրը, եթե դու չես փոխում համակարգը և քաղաքական կառուցվածքը, ապա մեր սոցիալապես անապահով խավն անընդհատ այդ գումարի կարիքն է ունենալու»,-հավաստիացրեց  Զարուհի Փոստանջյանը: Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին «Երկիր ծիրանի»-ի ղեկավարն ասաց, որ արդեն 25 տարի նույն իրավիճակն է, հավաքագրումներ են տեղի ունենում:

«Գիտենք, որ ուսուցչանոցներում ժողովներ են լինում, բայց ես հավատում եմ նույնիսկ այդ խոցելի մարդկանց, նույնիսկ նրանց, ում նկատմամբ բռնություն է կիրառվում, նրանց քաղաքացիական, սոցիալական բարձր գիտակցությանը»,- վստահություն հայտնեց:


Զանի Հարոյան