Մարտից հետո Դուշմանը գինի է կաթեցրել հայկական շիրմաքարերին ու գոչել՝ «մեր պապե՜ր, Շուշին ազատագրված է...». տիկին Զարիկ (տեսանյութ)

17:41 • 09.05.17

Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյանի) մայրը՝ տիկին Զարիկը, այսօր՝ մայիսի 9-ին, միայնակ է այցելել որդու գերեզմանին:

«25 տարի առաջ որդիս Շուշիի բլուրն է մագլցել, ես էլ այսօր ուխտ արեցի՝ ոտքով միայնակ բարձրացա Եռաբլուր»,-ասաց նա։

Տիկին Զարիկը պատմում է, որ Դուշմանը վաղուց էր կանխագուշակում հայության ապագան։  Դեռ 10-րդ դասարանում՝ ծառայությունից 6 ամիս առաջ նա դիմում էր գրել՝ Աֆղանստանում դեսանտային զորքերում ծառայելու համար. «Գնաց աֆղանական պատերազմ, որ ազգի համար զինվոր դառնա»:

Աֆղանստանում ծառայությունից հետո Վարդանը վերադարձել էր Երևան ու ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետ, բայց 1988-ի արցախյան շարժման սկզբներից Վարդանն արդեն առաջին շարքերում էր:

«1988 թ. երբ սկսվեց Արցախյան շարժումը, որդիս տանը հայտարարեց՝ քո մահն անգամ ինձ հետ չի պահի, քեզանից թանկն էլ կա, դա իմ ազգն է»,- հիշում է տիկին Զարիկը:

Դուշմանը մասնակցել է Արցախյան պատերազմի գրեթե բոլոր թեժ կետերի մարտերին՝ Երասխավանում, Տավուշում, Ստեփանակերտը կրակի տակ պահող Կրկժանում, Շուշիում ու այլ տեղերում:

«Շուշիի ազատագրումից հետո տղաները Վարդանին տեսադաշտից կորցնում են, անհանգստանում են։ Վերջում տեսնում են՝ գինու շիշը վերցրած հայկական գերեզմաններ է մտնում, կաթեցնում Շուշիի հայկական գերեզմանատան շիրմաքարերին ու գոռում՝ «մեր պապե՜ր, Շուշին ազատագրված է, հանգստացեք…»»,- ասաց Դուշմանի մայրը:

Վարդանը զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում մարտական առաջադրանք կատարելիս:

Մանրամասները՝ տեսանյութում: