Հարավային Կորեայում նախագահ են ընտրել

16:08 • 09.05.17

Հարավային Կորեայում անցկացվել են նախագահական ընտրություններ։ Ընտրողների ճնշող մեծամասնությունն իր ձայնը տվել է նախագահի լիբերալ թեկնածու Մուն Չժե Ընին: Այդ մասին են վկայում էքզիթ-փոլի տվյալները, հայտնում է BBC-ն:


Էքզիթ-փոլի համաձայն՝ Մունը ստացել է 41,4 տոկոս ձայն, իսկ նրա մրցակից պահպանողական Հոն Չժուն Փհեն՝ 23,3 տոկոս:


64-ամյա իրավաբան Մուն Չժե Ընը հանդես է գալիս մասշտաբային տնտեսական բարեփոխումների և Փհենյանի հետ երկխոսության միջոցով կորեական միջուկային ճգնաժամի կարգավորման օգտին։


Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի պատճառով երկրի նախագահ Պակ Կըն Հեն հեռացվել էր պաշտոնից: Այժմ նա կալանավորված է. նրան առաջադրվել են կաշառակերության և լիազորությունների չարաշահման մի շարք մեղադրանքներ:


Ընդհանուր առմամբ, երկրում բացվել էր 13.964 ընտրատեղամաս, գրանցվել է 42 միլիոն 479 հազար 710 ընտրող: