Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծումը սպասողական վիճակում է՝ գործարքի իրականացման վերաբերյալ մտահոգությունների ֆոնին. The Guardian

17:30 • 09.05.17

Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման նոր պլանը սպասողական վիճակում է, մինչ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան փորձում են լրացուցիչ մանրամասներ ստանալ համաձայնության իրականացման ձևի վերաբերյալ, գրում է The Guardian-ը:


Հիշեցնենք, որ գործարքն անցած շաբաթ կնքվել է Ղազախստանում՝ որպես հրադադարի երաշխավոր երկրներ հանդես եկող Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից, այն ենթադրում է չորս գոտիների ստեղծում, որոնք դադարեցնելու են հակամարտությունն առանցքային տարածքներում և որոնք հսկելու են արտասահմանյան զորքերը:


Այնուամենայնիվ, գործարքը չի մանրամասնում համաձայնագրի պայմանների կյանքի կոչման միջոցները: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հարցով չորեքշաբթի Վաշինգտոնում հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ՝ հրադադարի կյանքի կոչման և մոնիթորինգի վերաբերյալ Արևմուտքի դիվանագիտական մտահոգությունների ֆոնին:


Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ չի կարող ընդունել, որ հրադադարի համաձայնագիրը երաշխավորի Իրանը, ինչպես դա առաջարկում է Աստանայի համաձայնագիրը, մինչդեռ Սիրիայի իշխանությունները վետո են դրել որպես խաղաղապահ ՄԱԿ-ի կամ այլ միջազգային ուժի դերի վրա:


Սիրիական կառավարությունը նշում է, որ համաձայնագրի համաձայն՝ ընդդիմության զինյալների պարտականությունն է լինելու օգնել դուրս հանել ջիհադիստ զինյալներին անվտանգության գոտիներից:


ԱՄՆ պետքարտուղարությունն, իր հերթին, անցած շաբաթ մտահոգություն է հայտնել որպես երաշխավոր Իրանի ներգրավվածության մասին: