Modern Healthcare ամսագիրն ամերիկահայ բարերար Մայք Սարյանին ներառել է ոլորտի գործադիր տնօրենների թոփ-25-ում
Ամերիկյան Modern Healthcare ամսագիրը, որն իրեն համարում է «առողջապահական բիզնես լուրերի, հետազոտությունների և տվյալների ոլորտում առաջատար», ակտիվիստ և բարեգործ Մայք Սարյանին անվանել է 2017 թվականին առողջապահական արդյունաբերության թոփ-25 գլխավոր գործադիր տնօրեններից մեկը, գրում է asbarez.com-ը:
Սարյանը 2012 թվականից Prime Healthcare Services-ում ղեկավար պաշտոն է զբաղեցնում: Համակարգում աշխատում է ավելի քան 43.500 մարդ, նրա ենթակայության տակ գործում է 44 հիվանդանոց: Սարյանն առողջապահական ոլորտում ունի ավելի քան 25 տարվա ղեկավար փորձ:
Նա հայկական համայնքի ակտիվ անդամ է և բարձրաձայնել է համայնքին հուզող բազմաթիվ հարցեր, ինչպես նաև գումարներ է նվիրաբերել հայկական դպրոցներին: Տարիներ շարունակ նա միլիոնավոր դոլարների բժշկական սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի հիվանդանոցներին:










