Մակրոնի քաղաքականության հայանպաստ լինելը նաև կախված է նրանից՝ արդյոք խորհրդարանական ընտրություններին նրա կողքին հայեր կլինե՞ն. Կայծ Մինասյան
Ֆրանսահայերը պատասխանատու մարդիկ են, հնարավոր է՝ նրանց մեջ ծայրահեղականներ լինեն, բայց մեծամասնությունը Էմանուել Մակրոնին է ընտրել․ Tert.am-ի հետ զրույցում, խոսելով Ֆրանսիայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների և այնտեղի քաղաքական գործընթացներին ֆրանսահայերի մասնակցության մասին՝ ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:
«Հիմա դժվար է հասկանալ, թե որքանով Էմանուել Մակրոնը կհետևի հայերի ցանկություններին: Թուրքիայի նախագահն արդեն խոսել է Էմանուել Մակրոնի հետ, նշել, որ ցանկանում է, որ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները լավանան: Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք հայկական հարցը կհանվի՞ օրակարգից, թե՝ ոչ այս հարաբերությունների զարգացման պարագայում»,- ասաց նա:
Կայծ Մինասյանը նշեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումը նախևառաջ կախված է հայ համայնքի և ՀՀ–ի աշխատանքից: «Եթե մեր դիվանագիտությունը տկար է, եթե մեր սփյուռքի գործելակերպը տկար է, ինքնաբերաբար ֆրանսիական քաղաքական ուժերը պետք է արձանագրեն դա և չաշխատեն մեզ հետ»:
Ըստ Կայծ Մինասյանի՝ Մակրոնի քաղաքականության հայանպաստ լինելը նաև կախված է նրանից, թե ֆրանսահայերը և ՀՀ–ն ավելի առողջ և կազմակերպված պահանջներ կկարողանա՞ն դնել։ Եվ խորհրդարանական ընտրություններին նրա կողքին հայեր կլինեն, թե ոչ: Նա մատնանշեց, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահը մտերիմ է Լիոնի քաղաքապետի հետ, իսկ վերջինիս տեղակալը հայ է: Փորձագետը հիշատակեց նաև Մակրոնի մասնակցությունը ապրիլի 24-ին Ֆրանսիայում կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը, նկատեց, որ նախագահի գոնե այդ արարքը ցույց է տալիս, որ նա Օլանդի քաղաքականությանը որոշակի ձևով հետևելու է»:
Նախագահական ընտրություններին Ֆրանսիայում հաջորդում են խորհրդարանական ընտրությունները: Այստեղ է, որ, ըստ Կայծ Մինասյանի, Մակրոնին սպասում են դժվարություններ. նրա դեմ են դուրս գալու և՛ աջակողմյան, և՛ ծայրահեղական ուժերը (աջ թե ձախ): «Բոլորը ցանկանում են նրանից հաշվեհարդար տեսնել»,- նկատեց նա՝ նշելով, որ այդուհանդերձ դեռ ժամանակ կա, և հավանական է, որ նա խորհրդարանում մեծամասնություն կկազմի:
Խորհրդարանական ընտրությունները ֆրանսահայերին ավելի բարդ ընտրության առաջ են կանգնեցնելու, առավել բարդ, քան նախագահական ընտրություններն էին: Կայծ Մինասյանի խոսքով՝ վերջինների ժամանակ երկու թեկնածուների միջև տարբերությունն այնքան մեծ էր, որ հեշտ էր կողմնորոշվելը : «Կարծում եմ, որ այս անգամ խորհրդարանական ընտրություններին ֆրանսահայ համայնքը ոչ մի ուժի չի սատարի»,- ասաց նա:
Այս առումով, փորձագետի խոսքով, պետք է փոխվի հայ համայնքների գործելակերպը երկրի իշխանությունների հետ աշխատանքում: «Պետք է փոխվեն ներքին առումով՝գործելակերպը, մտածելակերպը, որովհետև աշխարհն է փոխվել: Եթե չփոխվեն, կմնան իբրև գործիք պետական ապարատի ձեռքին՝ լինի ամերիկյան, ֆրանսիական, թե այլ»,- ասաց նա:
Ֆրանսիայի քաղաքական գործընթացներում ակտիվ մասնակից լինելն էլ, ըստ Կայծ Մինասյանի, հայերի համար դրական կարող է համարվել. լավ է խոսել, քան լռել: Խորհրդարանական ընտրությունների հետ կապված էլ նա ասաց. «Պետք է Ֆրանսիայի ընկերությունները համակարգող խորհուրդը կանչի բոլորին ու ասի, որ ընտրեն բոլոր կուսակցություններին, բացի Լը Պենի կուսակցությունից»,- ասաց նա՝ նշելով, որ խորհուրդը բազմաբևեռ կազմակերպություն է, և հնարավոր է՝ խորհրդում ներառված հայկական կազմակերպություններից յուրաքանչյուրն իր քաղաքական նախընտրություններն ունենա:
Կայծ Մինասյանի խոսքով՝ հավանականություն կա, որ Ֆրանսիայի նոր խորհրդարանում հայ պատգամավորներ լինեն: «Գիտեմ, որ երկու հոգի Մակրոնի հետ են, փորձում են խորհրդարանի ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրել: Երկու անձինք կան, որոնց անունները դեռ չեմ կարող տալ: Երբ Մակրոնի կուսակցության ցուցակը հրապարակվի, այդ ժամանակ կիմանանք, թե այդ անձինք մասնակցելու են ընտրություններին, թե՝ ոչ»,- ասաց նա:










