Բարերար Մայք Սարյանն ընդգրկվել է ԱՄՆ առողջապահության ոլորտի 25 լավագույն տնօրենների ցանկում
Առողջապահության, բիզնես լուրեր և հետազոտություններ հրապարակող Modern Healthcare Chief Operating Officers առաջատար շաբաթահանդեսը հայ համայնքի ակտիվ անդամ և բարերար Մայք Սարյանին ընդգրկել է առողջապահության ոլորտի 2017-ի 25 լավագույն գործադիր տնօրենների ցանկում:
Ինչպես հայտնում է Asbarez-ը, Սարյանը 2012-ից ղեկավարել է Prime Healthcare Services հիվանդանոցների ցանցի աշխատանքները: Բուժհաստատության 44 մասնաճյուղերում ավելի քան 43 500 մարդ է աշխատում: Ցանցը միայն 18 հիվանդանոց ուներ, երբ Սարյանը ստանձնեց նախագահի պարտականությունը:
Ինչպես նշվում է, Սարյանը 25 տարվա աշխատանքային փորձ ունի առողջապահության ոլորտում և չնայած իր մասնագիտական զբաղվածությանը, հանդիսանում է հայ համայնքին հուզող հարցերի ակտիվ բարձրաձայնողը: Նա մեծ ուշադրություն է դարձնում կրթությանն ու հայկական դպրոցներին:
2015-ին նա արժանացել է Էլիս կղզու Պատվավոր մեդալի ԱՄՆ-ին, Կալիֆոռնիայի հայ համայնքին ու Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:










