«Ելք» դաշինքի 15 հազար դրամի հայտարարությունն այժմ ուսումնասիրում ենք. Տիգրան Մուկուչյան
«Ելք» դաշինքի հայտարարությունն այժմ ուսումնասիրում ենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Եթե Ընտրական օրենսգրքի որևէ խախտում հայտնաբերենք, ապա համապատասխան արձագանք կլինի»,– ասաց ԿԸՀ նախագահը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Ելք» դաշինքը հայտարարել է, որ այն քաղաքացիները, որոնք կհրաժարվեն ընտրակաշառքով քվեարկել, «Ելքի» հաղթանակի դեպքում Երևանի քաղաքապետարանից կստանան սոցիալական աջակցություն` 15 000 դրամի չափով:
Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը «Ելքի» հայտարարությունը քրեորեն հետապնդելի արարք էր որակել:
Իսկ «Ելքի» քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ իրենց՝ 15 հազար դրամների առաջարկը 100 տոկոսով համապատասխանում է օրենսդրությանը:










