Ընտրակաշառքի դեմ պայքարելու համար մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն հետապնդելի է. Զ. Փոստանջյան

13:25 • 10.05.17

Ընտրակաշառքի դեմ պայքարելու համար մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն հետապնդելի արարք է: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:  

«Կարծում եմ՝ ընտրողները պետք է կողմնորոշվեն և դեմ քվեարկեն բոլոր նրանց, ովքեր իրենց դրդում են գնալ կեղծարարության: Իրենք քվեարկում են գաղտնի և, այդ գաղտնիությունից օգտվելով, կարող են իրենց վրեժը լուծել բոլոր նրանցից, ովքեր իրենց գցել են այդ վիճակի մեջ: Այդ 10 հազար կամ 5 հազար դրամները կամ 15 հազար դրամն ուղղակի մահապատժից առաջ մի ընթրիքի կազմակերպում է, նրանք պետք է հրաժարվեն»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Նա վստահ է, որ եթե ընտրողները հրաժարվեն ընտրակաշառքից, տեղի կունենա երկարատև բարեկեցություն ուղենշող հսկայածավալ փոփոխություն:

Նա դատապարտեց «Ելք» դաշինքի այն հայտարարությունն այն մասին, որ բոլոր նրանք, ովքեր ընտրակաշառք չեն վերցնի՝ ընտրություններից հետո կստանան 15000-ական դրամ սոցիալական աջակցություն:  

«Մեր հանրային գումարներն իրենց նպատակայնությամբ պետք է ծախսվեն, և մենք պետք է իրականացնենք երկարատև ծրագիր, որի ներքո մարդիկ կարիք չունենան ընդհանրապես այդ 15 հազար դրամների: Առանց այն էլ մենք ունենք հատուկ բյուջեներ, որոնց միջոցով տրամադրում ենք այդ գումարները, հետևաբար ի՞նչ է ստացվում. առաջարկում են, որ մենք կգանք իշխանության՝ կտանք ընտրակաշա՞ռք»,-ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարը:

Նրա տվյալներով՝ քաղաքապետարանի աշխատակիցներն օգտագործում են իրենց ձեռքի տակ եղած լծակներն ու վարչական ռեսուրսները, այդ թվում նաև սոցիալական ծրագրերը, դրանց միջոցով ահաբեկում են բնակչությանը: Զարուհի Փոստանջյանը վստահ է՝ դրա համար են մարդիկ ստիպված գնում քվեարկում:

«Մեկին ասում են՝ քեզ կկտրենք այս նպաստից, քեզ կկտրենք այս սոցիալական ծրագրից, դու չես կարող օգտվել այս կամ այն բժշկական ուղեգրից»,-տեղեկացրեց քաղաքապետի թեկնածուն:

Նա վստահ է՝ եթե մեկի անունը պետք է փոխվի մյուսով, գա նույնն անի, ապա դա փոփոխություն չէ, այլ մեկ անձի անվան փոփոխություն մյուսով: Իսկ իրենք առաջարկում են համակարգային փոփոխություն:

«2007-2008 թթ. փոքր և միջին բիզնեսը նվազելով՝ այս պահին հասել է 20 տոկոսի: Փոքր և միջին բիզնեսի քչացումը մեր համաքաղաքացիներին խոցելի է դարձրել: Խոշոր բիզնեսն իր մեջ կլանել է փոքր ու միջին բիզնեսը և բնակիչներին դարձրել անապահով: Մեկ միլիոն մարդ պաշտոնապես աղքատության մեջ է: Աշխատատեղ ունենալու միջոցով է նա դառնալու սոցիալապես ապահով»,-նշեց Զարուհի Փոստանջյանը և նշեց, որ ինքը շատ լավ տեղյակ է՝  ինչ է կատարվում հանրապետությունում, Նուբարաշենի աղբավայրին է ծանոթ, գիտի, թե ինչպես կարելի է վերամշակել ու օգուտ քաղել դրանից, գիտի, թե ինչպիսին են Երևանի ճարտարապետական նախագծային շեղումները: Իր խոսքով՝ ամեն ինչից քաջատեղյակ է:

«Մենք լինելու ենք կառավարություն, այդ կառավարության տրամադրության տակ է լինելու 250 միլիոն դոլարի բյուջեն, դրա ծախսերը, դրա նպատակային ծախսերը: Մենք գնում ենք վերցնենք իշխանությունը: Այլ ճանապարհ չունենք, այլընտրանք չունենք»,-եզրափակեց ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանը:



Զանի Հարոյան