Ասանժն աշխատանքից հեռացված ՀԴԲ ղեկավարին աշխատանք է առաջարկել
Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն առաջարկել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի արդեն նախկին ղեկավար Ջեյմս Կոմիին գլխավորել Վաշինգտոնում կազմակերպության գրասենյակը: Այդ մասին Ասանժը, ով արդեն մի քանի տարի թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, գրել է Twitter-ի իր էջում, հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
«Wikileaks-ը հաճույքով կդիտարկի Ջեյմս Կոմիին աշխատանքի վերցնելու հնարավորությունը, որպեսզի նա կարողանա ղեկավարել Վաշինգտոնում գրասենյակը, եթե նրան այդքան դուր է գալիս հետաքննել ամերիկյան կառավարության գործունեությունը»,- գրել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Ջեյմս Կոմին պաշտոնից ազատման վերաբերյալ լուրը սկզբում որպես կատակ է ընդունել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Ջեյմս Կոմիին՝ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի առաջարկությամբ:
Նշվում է, որ Կոմին ռուսական իշխանությունների հետ Թրամփի նախընտրական թիմի ենթադրյալ կապերի հետաքննության մասնակից է եղել: Թրամփը քննադատել է Կոմիին այն բանի համար, որ նրա գործողություններն ուղղակիորեն օգնել են նախագահական ընտրությունենրում իր հակառակորդ Հիլարի Քլինթոնին:










