Նյու Յորքի աղբամանները, որոնք վերածվել են հսկայական ծաղկամանների (լուսանկարներ)
Նյու Յորքում բնակվող ծաղկային դիզայներ Լյուիս Միլերը ծաղիկների միջոցով զարդարում է քաղաքը՝ մռայլ փողոցները վերածելով հեքիաթային վայրերի:
Bored Panda-ն գրում է, որ վերջին ամիսներին Մանհեթենի աղբամանները վերածվում են հսկայական ծաղկամանների. խորհրդավոր ծաղկային կոմպոզիցիաները հայտնվում են ամենասովորական վայրերում:
Նշվում է, որ աղբամաններից բացի՝ դիզայները ծաղիկներով զարդարում է փողոցների մայթերը, արձաններն ու հրապարակները:
«Նյույորքցիներին ծաղիկներ նվիրելը պարզ գաղափար է, որի մասին մտածել եմ տարիներ շարունակ: Այսկերպ հույս եմ ունեցել ժպիտներ պարգևել: Սա իմ նպատակն ու պատկերացումն է եղել՝ ծաղիկների միջոցով ստեղծել հուզական արձագանք», - գրել է Միլերը:
Հայտնի է, որ փողոցային ինստալյացիաների այս շարքը ստացել է Flower Flashes («Ծաղկային լուսարձակում») անվանումը: Ծաղկեպսակները տարբեր չափեր ունեն և բաղկացած են տարբեր տեսակի ծաղիկներից: Խոշորագույն ծաղկեպսակներում հազարավոր ծաղիկներ կան՝ վարդեր, խոլորձներ և այլն:
«Ես փորձում եմ կոմպոզիցիաներ կազմել այն ծաղիկներից, որոնք ավելի վաղ օգտագործվել են ինչ-որ միջոցառման ժամանակ: Եվ այսպես անելով՝ երկրորդ կյանք եմ տալիս նրանց: Պլանավորում եմ շարունակել և մարդկանց ժպիտներ պարգևել», - ասել է դիզայները:


















