Իրանցի այաթոլլան կոչ է արել նախագահի թեկնածուներին զգուշավոր լինել հայտարարություններում

16:07 • 10.05.17

Իրանում այաթոլլա Հոսեյն Նուրի Համեդանին հանդես է եկել մայիսի 19-ին նշանակված ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավ իրականացնող նախագահի թեկնածուներին ուղղված ուղերձով: Նա կոչ է արել նրանց ընտրողների առաջ ելույթների ընթացքում խուսափել կտրուկ արտահայտություններից, փոխադարձ մեղադրանքներից և զրպարտությունից, գրում է ТАСС-ը:


Այդ ուղերձի համար առիթ է հանդիսացել Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանիի հայտարարությունը: 2013 թվականին «իրանցի ժողովուրդը հայտարարել է, որ ընտրում է ազատության ճանապարհը», առաջիկա ընտրություններին «նա ևս մեկ անգամ «ոչ» կասի նրանց, ովքեր 38 տարվա ընթացքում մահապատիժ և ձերբակալություններ են կիրառել», հայտարարել էր երկրորդ ժամկետի առաջադրված նախագահը:


«Այդ խոսքերը մեզ համար չափազանց ցավալի են, քանի որ հարցականի տակ են դնում իսլամական կարգի 38 տարվա ընթացքում երկրի ունեցած բոլոր ձեռքբերումները»,- ընդգծել է այաթոլլա Համեդանին:


Ընտրություններում Ռոուհանիի հիմնական մրցակիցը պահպանողականների կողմից առաջադրված Իրանի նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաիսին է: