Իր տան քանդելուն սպասող Աստանայի բնակչուհին պատերին Նազարբաևի դիմանկարներ է փակցրել
Աստանայի բնակչուհի Նեսիպկուլ Ույաբաևան, ով ապրում է քանդման ենթակա սեփական տանը, դրսի պատերին փակցրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դիմանկարները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը:
Կնոջ խոսքով՝ պատերին փակցնելով նախագահի 91 դիմանկար՝ նա, այդպիսով, ցանկանում է կանգնեցնել նախատեսված քանդման գործողությունները:
Դատական կարգադրիչները դեռ չեն ժամանել քանդման վայր:
«Ինչո՞ւ եմ կախել այդ դիմանկարները, որովհետև պաշտոնյաները չեն վախենում Աստծուց, ոչ մեկից, թող վախենան մեր նախագահից: Մեր նախագահը պահպանում է իր քաղաքականությունը, որպեսզի ժողովուրդը լավ ապրի, որպեսզի մեր ապագան լավը լինի, բարձր մակարդակով, իսկ նրանք այստեղ մեզ փողոց են նետում՝ վերցնելով մեր սեփական հողերը»,- ասել է Նեսիպկուլ Ույաբաևան:
Տանը բնակվում են քույրեր Ռաուշան և Նեսիպկուլ Ույաբաևները, որոնք հայտարարում են, որ գնալու տեղ չունեն և խնդրում են Աստանայի իշխանություններին նրանց բնակարան տրամադրել:
Աստանայի իշխանությունների համաձայն՝ այդ հողատարածքում նախատեսվում է կառուցել «ԿազՄունայԳազ» պետական նավթային ընկերության աշխատակիցների երեխաների համար մանկապարտեզ:










