Հետախուզվում են Նորաշենի գյուղապետին տեղափոխող ավտոմեքենայի վրա կրակած քաղաքացիները. ոստիկանություն

11:47 • 10.05.17

Մայիսի 3-ին՝ ժամը 18.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին, անհայտ անձինք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ճանապարհը և կրակահերթ արձակել նրա և ուղևորի՝ Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանությանկայքը, Կարեն Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կրակողները դեպքի վայրից դիմել են փախուստի:

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է և միջազգային հետախուզում է հայտարարվել 1978 թ. ծնված Ռոլանդ Գալուստովի, 1994 թ. ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989 թ. ծնված Արթուր Նազարյանի և 1989 թ. ծնված Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ:

Դեպքի հանգամանքները ճշտվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում հիշյալ անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:

Հետախուզվողների մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 011 56 12 32, 011 56 48 21 կամ 1-02 հեռախոսահամարներով: