ԱՄՆ-ն, ի հեճուկս Թուրքիայի, զենք կմատակարարի սիրիացի քրդերին ԻՊ-ի դեմ պայքարելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է Պենտագոնին զենք մատակարարել Սիրիայում մարտնչող քուրդ զինյալներին:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը` մեջբերելով Պենտագոնի մամլո քարտուղար Դանա Ուայթին, ԱՄՆ նախագահի խոսքով` մատակարարումն «անհրաժեշտ է կատարել Ռաքքան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմաբ գրոհայիններից ազատագրելու գործում հաղթանակ ապահովելու համար»:
Նշվում է, որ զենքը մատակարարվելու է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր կոալիցիայի մաս կազմող սիրիացի քրդերին:
«Մենք հիանալի գիտակցում ենք մեր կոալիցիոն գործընկերոջ` Թուրքիայի մտահոգությունն անվտանգության հարցով: Մենք ցանկանում ենք համոզել ժողովրդին և Թուրքիայի կառավարությանը, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ՆԱՏՕ-ի մեր գործընկերոջ պաշտպանության ու հավելյալ սպառնալիքների կանխման քաղաքականությանը», - ասել է Պենտագոնի մամլո քարտուղարը:
Վերջինս, սակայն, չի նշել, թե երբ են սկսելու մատակարարումը:










