Հակառակորդը գնդակոծել է «Շանթ» ՀԸ–ի նկարահանող խմբի ավտոմեքենան, վիրավորվել է օպերատորը

11:02 • 11.05.17

Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:

Այս մասին տեղեկացնում են Շանթ հեռուստաընկերությունից:

Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան:

Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:

__________

11:52

Արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինուժի գնդակոծության հետևանքով վիրավորված «Շանթ» հ/ը «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանին վիրահատել են, նրա վիճակը նորմալ է․ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հաղորդման հեղինակ Արշակ Զաքարյանը: 

«Օպերատորը ոտքերից է վիրավորվել, վիրահատել են, հիմա վիճակը նորմալ է»,- ասաց նա՝ նշելով, որ Դավիթ Աթոյանը հիմա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում է:

Արշակ Զաքարյանը նշեց, որ նկարահանող խմբից տուժել է միայն օպերատորը, նաև  մեքենան է վնասվել: