Արցախի սահմանին վիրավորված «Շանթի» օպերատորին վիրահատել են, վիճակը նորմալ է․ Արշակ Զաքարյան

12:01 • 11.05.17

Արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինուժի գնդակոծության հետևանքով վիրավորված «Շանթ» հ/ը «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանին վիրահատել են, նրա վիճակը նորմալ է․ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հաղորդման հեղինակ Արշակ Զաքարյանը: 

«Օպերատորը ոտքերից է վիրավորվել, վիրահատել են, հիմա վիճակը նորմալ է»,- ասաց նա՝ նշելով, որ Դավիթ Աթոյանը հիմա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում է:

Արշակ Զաքարյանը նշեց, որ նկարահանող խմբից տուժել է միայն օպերատորը, նաև  մեքենան է վնասվել:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:

Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: