Ասադը հայտարարել է, որ եթե երկու տարում չփրկի Սիրիան՝ հրաժարական կտա. լրատվամիջոցներ

10:00 • 11.05.17

Սիրիայի արաբական հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ եթե առաջիկա երկու տարում Սիրիան չփրկի՝ հրաժարական կտա, այս մասին հայտնում է իրանական Tasnim News Agency-ն:

«Սակայն ես ձեզ 100 տոկոս երաշխավորում եմ, որ Սիրիան փրկվելու է: (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանի հետ չեմ հաշտվել, որովհետև նա սիրիացի ժողովրդի սպանությունների պատճառ է դարձել: Սաուդյան Արաբիան էլ շատ է զղջալու», - ասել է Ասադը Լիբանանից ժամանած դիվանագիտական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ Ասադը ռուսական «Կոմսոմոլսկայա Պրավդա» պարբերականին տված հարցազրույցում Թուրքիան անվանել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ստեղծող: 

Նա նաև հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան Սիրիային իր օգնությունն է առաջարկել՝ Իրանի հետ կապերը խզելու դիմաց: