Պաշտոնանկ արվելուց օրեր առաջ ՀԴԲ ղեկավարն ավելի շատ ռեսուրսներ է պահանջել ընտրություններին ՌԴ միջամտության մասին հետաքննության համար. Reuters

11:08 • 11.05.17

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնանկ արվելուց օրեր առաջ հայտնել է օրենսդիրներին, որ ավելի շատ ռեսուրսներ են անհրաժեշտ 2016 թվականին կայացած նախագահական ընտրությունների վրա Ռուսաստանի ազդելու վերաբերյալ հետաքննության համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կոնգրեսից իր աղբյուրին:


Թրամփի վարչակազմը մեղադրել է Կոմիին վատ աշխատանքի համար և հերքել, թե նրան հեռացնելը կապված է Ռուսաստանի միջամտության մասին ՀԴԲ-ի հետաքննության հետ:


Կոնգրեսական աղբյուրը նշել է, որ վերջին օրերին Կոմին հայտնել է օրենսդիրներին, որ հետաքննության համար խնդրել է Արդարադատության դեպարտամենտին լրացուցիչ ռեսուրսներ հասանելի դարձնել, մասնավորապես՝ անձնակազմի թվաքանակի ավելացում:


Կոմին տեղեկացրել է օրենսդիրներին այդ դիմումի մասին, երբ Սենատի հետախուզության հանձնաժողովը, որն իր սեփական հետաքննությունն է իրականացնում, խնդրել է ՀԴԲ-ին արագացնել իր հետաքննությունը:


ԱՄՆ հետախուզական գործակալությունները հունվարին հրապարակված զեկույցում եզրակացրել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է միջամտել ԱՄՆ նախագահի ընտրություններին՝ դրանց վրա ազդելու նպատակով, այդ թվում կոտրելով Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային նամակները և կազմակերպելով դրանց արտահոսք՝ Թրամփին օգնելու համար:


Հիշեցնենք, որ օրերս Թրամփը Կոմիին հեռացրել է ՀԴԲ ղեկավարի պաշտոնից՝ նշելով, որ նա ի վիճակի չէ արդյունավետ կառավարել գերատեսչությունը: Հետաքրքրական է, որ իր հեռացման մասին Կոմին իմացել է հեռուստացույց դիտելիս: Սկզբում նա ծիծաղել է՝ մտածելով, թե դա կատակ է: