Սամարայում կրակել են 3 հայի վրա՝ 1000 ռուբլու պատճառով

14:22 • 11.05.17

Մայիսի 7-ի երեկոյան ՌԴ Սամարա քաղաքի Մեխզավոդ բնակավայրում վիճաբանություն է տեղի ունեցել ազգությամբ հայ և ՌԴ քաղաքացի երիտասարդների միջև, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, գրում է տեղական volga.news-ը:


Նույն օրը հրազենային վնասվածքներով երեք հայերը տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից երկուսին տրամադրվել է բուժօգնություն, և նրանք դուրս են գրվել հիվանդանոցից: Երրորդը, գիտակցության չգալով, մահացել է բժշկական հաստատությունում՝ կրծքավանդակի հատվածում ստացած հրազենային վնասվածքից:


Իրավապահ մարմիններում աղբյուրի տվյալներով՝ հաջորդ օրը՝ մայիսի 8-ին, հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով: Հայտնի է, որ տուժածները, որոնցից ամենամեծը եղել է 23 տարեկան, վնասվածքները ստացել են 1000 ռուբլու պատճառով առաջացած կոնֆլիկտի ժամանակ:


Մեխզավոդի երկաթուղային սպասահարթակի մոտ տուժածները վիճաբանել են երեք երիտասարդի հետ, ինչի հետևանքով վերջիններս կրակ են բացել: Կասկածյալների ինքնությունն արդեն պարզվել է, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված:


Նշվում է, որ բոլոր վեց հոգին՝ և՛ տուժածները, և՛ կասկածյալները, հայ են և ՌԴ քաղաքացիներ, որոնք ապրում են Մեխզավոդում: Կասկածյալներից մեկն անչափահաս է՝ ծնված 2000 թվականին: