ՆԱՍԱ-ի «Հաբլ» աստղադիտակը միմյանց հատվող գալակտիկաներ է ֆիքսել
Եվրոպական տիեզերական գործակալության աստղագետները ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության աշխատակիցների հետ համատեղ մի զույգ արտասովոր գալակտիկաներ են հայտնաբերել «Հաբլ» աստղադիտակի օգնությամբ:
Ինչպես հաղորդվում է ՆԱՍԱ-ի կայքում, խոսքը IRAS 06076-2139 արտասովոր գալակտիկայի մասին է, որը հայտնաբերվել է Նապաստակի համաստեղությունում: Ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ այն կազմված է երկու հատվող գալակտիկաներից:
Դրանք շարժվում են մեկը մյուսի կողքով` 2 մլն կմ/ժամ արագությամբ: Մասնագետների կարծիքով` այդ արագությունը չափազանց մեծ է, որպեսզի գալակտիկաները կարողանան միավորվել մեկ ընդհանուր կազմում:
Նշվում է, որ օբյեկտների միջև հեռավորությունը 20 000 լուսային տարի է, որն այնքան էլ մեծ տարածություն չէ տիեզերքում: Այդ իսկ պատճառով ձգողականության ուժի ներքո գալակտիկաների կառուցվածքը կարող է փոփոխության ենթարկվել:










