Կորեացիները ստեղծել են մաշկի վրա սպիերի գոյացումը կանխող սոսինձ

17:52 • 15.05.17

Հարավկորեացի գիտնականները ստեղծել են վնասվածքների ապաքինման համար նախատեսված սոսինձ, որը կանխում է սպիերի առաջացումը:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, ուշագրավ նորույթը ստեղծվել է միդիաներից վերցված կպչուն սպիտակուցի հիմքով: Նշվում է, որ այդ սպիտակուցներն օգտագործվում են բժշկության մեջ՝ վերքի ծայրերը դեպի իրար ձգելու և սպիերի առաջացումը կանխելու համար:

Հայտնի է, որ նորաստեղծ սոսինձը փորձարկվել է առնետների վրա, որոնց մաշկին մասնագետները խոշոր քերծվածքներ են արել: Գիտնականները կրծողների մի մասի վերքերին սոսինձն են քսել, իսկ մյուսներին՝ ոչ: Արդյունքում սոսնձով մշակված վերքերն անհամեմատ ավելի շուտ են ապաքինվել ու աննշան հետքեր են թողել:

Գիտնականները մտադիր են շարունակել նորույթի փորձարկումները:

Կորեացիները ստեղծել են մաշկի վրա սպիերի գոյացումը կանխող սոսինձ