Գլոբալ կիբեռհարձակումն իրականացնողներն ավելի քան 40.000 դոլար են ստացել. լրատվամիջոցներ
Աշխարհի 150 երկրի հարյուր հազարավոր բնակիչներին վնաս պատճառած կիբեռհարձակումը կատարողներն ավելի քան 42.000 դոլար են ստացել, սակայն կիբեռհարձակման զոհ դարձածների ուղարկած գումարները շարունակում են հաշվեհամարներին մնալ:
Ինչպես նշում է ria.ru-ն՝ հղում անելով Times-ին, Եվրապոլի տնօրեն Ռոբ Ուեյնռայթն ավելի վաղ հայտարարել էր, որ կիբեռհարձակումը կարող է շարունակվել նաև երկուշաբթի առավոտյան:
Նշվում է, որ հաքերային հարձակման զոհ է դարձել 200.000 մարդ՝ աշխարհի 150 երկրում:
Ուժային կառույցները շարունակում են հետևել 3 առցանց հաշիվներին, որոնց վրա հաքերային հարձակումից տուժածները բիթքոինների տեսքով գումար են ուղարկել:
Աղբյուրը մանրամասնում է, որ հաքերները WannaCrypt0r 2.0 վիրուսակիր ծրագրի միջոցով օգտատերերից պահանջել են գումար փոխանցել նշված հաշիվներին: Եթե օգտատերերը 7 օրվա ընթացքում գումարը չփոխանցեն, ապա վիրուսը կոչնչացնի համակարգչում եղած բոլոր ֆայլերը:
Ըստ մասնագետների՝ վիրուսն առավել ակտիվ տարածվում է Ռուսաստանում, Ուկրաինայում և Թայվանում:
Ավելի վաղ Microsoft ընկերության նախագահ Բրեդ Սմիթը հայտնել է, որ WannaCry վիրուսի տարածման պատասխանատվությունը մասամբ տարբեր երկրների կառավարությունների և հատուկ ծառայությունների վրա է:










