Ռուսական սոցցանցերի ամբողջական արգելափակումն անհնար է. Ուկրաինայի ինտերնետային ասոցիացիա
Ուկրաինական ինտերնետ-պրովայդերները պատրաստ չեն կատարել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրահանգը ռուսական ծառայությունների և սոցցանցերի արգելափակման մասին:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է Ուկրաինայի Ինտերնետային ասոցիացիաների ղեկավարը: Փորձագետի խոսքով` առաջին հերթին, օպերատորները տեխնիկապես հնարավորություն չունեն իրագործել այդ որոշումը, երկրորդ հերթին, նման արգելքները 100 տոկոսով ապահովել հնարավոր չէ:
Բացի դրանից՝ մասնագետը նշել է, որ ինտերնետ-ծառայությունների արգելափակման մասին որոշումը պետք է կայացվի դատավճռի համաձայն, քանի որ այլ միջոցներն «ուղղակի չի կարելի քաղաքակիրթ անվանել»:
Միևնույն ժամանակ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի մամլո ծառայությունից հայտնել են, որ ռուսական կայքերի արգելափակման համակարգը հանձնարարվել է մշակել կառավարությանն ու Անվտանգության ծառայությանը` Ազգային բանկի մասնակցությամբ:










