WannaCry վիրուսի տարածման հետ կապված հաքերային խումբը սպառնում է նոր վնասակար ծրագրային կոդ վաճառել բոլոր ցանկացողներին
Ամբողջ աշխարհով տարածված WannaCry վիրուսի համար օգտագործված ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության հաքերային գործիքների արտահոսքի համար պատասխանատու խումբը նախազգուշացրել է, որ կհրապարակի նոր վնասակար ծրագրային կոդ, գրում է Reuters գործակալությունը:
Վիրուսի տարածումը, որի հետևանքով ուրբաթ օրվանից ի վեր տուժել է ավելի քան 300.000 համակարգիչ ամբողջ աշխարհում, թուլացել է երեքշաբթի, բայց դրա ստեղծողների ինքնությունը և շարժառիթներն անհայտ են մնացել:
Վիրուսի համար օգտագործվել են ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության գործիքները, որոնք համացանցում հրապարակվել էին անցած ամիս: Այդ արտահոսքի համար պատասխանատվություն ստանձնած Shadow Brokers խումբը սպառնացել է հրապարակել նոր ծրագրային կոդ՝ թույլ տալով հաքերներին կոտրել աշխարհի ամենաշատ օգտագործվող համակարգիչները, ծրագրերն ու հեռախոսները:
Խմբի կողմից արված բլոգային գրառման մեջ հաքերները խոստանում են հունիսից ամեն ամիս գործիքներ փոխանցել ցանկացած մեկին, ով կցանկանա վճարել տեխնոլոգիական աշխարհի ամենամեծ կոմերցիոն գաղտնիքներին հասանելիություն ստանալու համար:
Խումբը նաև սպառնացել է հրապարակել SWIFT միջազգային տրանսֆերային ցանց օգտագործող բանկերից և ռուսական, չինական, իրանական կամ հյուսիսկորեական միջուկային և հրթիռային ծրագրերից տվյալներ:










