WannaCry վիրուսի տարածումը կանգնեցրած հաքերը փախել է տնից՝ լրագրողների պատճառով. լրատվամիջոցներ
Հաքեր և տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ Մարկուս Հաթչինսը, որը հայտնի է Malware Tech անունով, ստիպված է եղել փախչել տնից, երբ լրագրողները բացահայտել են նրա անձնական տվյալները և բնակության վայրը: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում, գրում է lenta.ru-ն:
«Բրիտանիայի ամենախոշոր թերթերից մեկը հրապարակել է իմ տան լուսանկարը, ամբողջական հասցեն և այնտեղ հասնելու ճանապարհը: Այժմ ստիպված եմ տեղափոխվել»,- նշել է Հաթչինսը: Նա նաև բողոքել է նրանից, որ «տաբլոիդներին հետաքրքիր է ոչ այնքան պատմությունը, որքան դրա հետևում կանգնած մարդիկ»:
«Ես գիտեի, որ փառքի հինգ րոպեները սարսափելի են լինելու: Բայց ես չէի կարող անգամ պատկերացնել՝ որքան: Բրիտանական տաբլոիդները շատ աներես են»,- ասել է նա և խնդրել իր հետևորդներին լավ ռիելթոր խորհուրդ տալ:
Հաթչինսը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Proofpoint ընկերության աշխատակից Դարիեն Հուսի հետ միասին կանգնեցրել է WannaCry վիրուսի տարածումը՝ ծրագրի կոդում հայտնաբերելով չգրանցված դոմեյնի անուն և այն գնելով 11 դոլարով:
Դրանից հետո The Telegraph-ը պարզել է, որ հենց Հաթչինսն է վարում Malware Tech պրոֆիլը: Լրագրողները նաև հայտնել են, որ 22-ամյա հաքերն ապրում է Դևոն կոմսությունում և պատմել են նրա ընտանիքի մասին:
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհով տարածված WannaCry վիրուսի համար օգտագործված ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության հաքերային գործիքների արտահոսքի համար պատասխանատու խումբն օրեր առաջ նախազգուշացրել էր, որ կհրապարակի նոր վնասակար ծրագրային կոդ։










