Ցուցադրվել է iPhone 8-ի մակետը (տեսանյութ)
Լատվիայից բլոգեր Բենջամին Գեսկինը տեսանյութ է հրապարակել Twitter-ում, որում ցուցադրել է iPhone 8-ի նախանմուշի դիզայնը: Տեսանյութում երևում է մակետը, որի լուսանկարները նա հրապարակել էր անցած ամիս:
Lenta.ru-ն գրում է, որ սմարթֆոնի հետևի մասը պատրաստված է ապակուց, և դրա վրա երկակի տեսախցիկի համար նախատեսված բացվածք է առկա: Հատկանշական է, որ հեռախոսի դիմացի պանելի վրա բացակայում է Home կոճակը, իսկ բարձրախոսն ուղղված է դեպի վեր:
Գեսկինի խոսքով՝ տեսանյութում պատկերված է ոչ թե աշխատող նախատիպը, այլ սմարթֆոնի նախանմուշը, որը պատրաստվել է ռոբոտացված հաստոցների կողմից ապրանքը մշակելու համար:
Նշվում է, որ սմարթֆոնը համալրված կլինի առանց շրջանակի 5,7 դյույմանոց OLED էկրանով, ինչպես նաև՝ մարտկոցի անլար լիցքավորումով:
Հայտնի է, որ նոր iPhone-ը կներկայացվի 2017 թվականին՝ Apple ընկերության ամենամյա շնորհանդեսի ժամանակ: Վերջին տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը կթողարկի միանգամից երեք սարք, որոնցից երկուսը կլինեն iPhone-ի ներկայիս մոդելների բարելավված տարբերակները:










