Ամեն համայնքի վերանալով՝ տնտեսական մի բջիջ է վերանալու. Վիլեն Խաչատրյանը համայնքների խոշորացման մասին (տեսանյութ)

12:41 • 24.05.17

Համայնքների խոշորացման խնդիրը միշտ էլ քննարկման առարկա է եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նա թեև կարևորում է այս կամ այն ծրագրի տնտեսական բաղադրիչը, միևնույն է, գտնում է, որ ծրագիրը իրականացնելիս պետք է հաշվի առնել հայաստանյան իրականությունը:

«Մի հարց է ունենալ տնտեսական արդյունավետ մոդել, մի ուրիշ հարց է ունենալ համայնքներ, որոնք սահմանամերձ են, ու խոշորացումը կարող է նրանց համար բացասական հետևանքներ ունենալ: Կենտրոնացումը կարող է հանգեցնել այդ համայնքների վերացմանը, արտագաղթի տեմպերի ավելացմանը: Սրանք հիմնախնդիրներ են, որոնք պետք հաշվի առնել, այսինքն՝ մտածել, թե ի՞նչ տեղի կունենա մեր համայնքների հետ: Խնդիրը պետք է դիտարկել նաև մատուցվող ծառայությունների տեսանկյունից, քանի որ փորձ է արվում ծառայությունները կենտրոնացված ձևով մատուցել, իսկ հարց է, թե որքանով այդ ծառայությունները բոլորին հասանելի կլինեն»,- ասաց Խաչատրյանը:

Վերջինս մատնանշեց, որ հայաստանյան գյուղական համայնքներն անգամ մշակութային առումով հաղորդակցության խնդիրներ ունեն: Խաչատրյանը դժվար է պատկերացնում, թե նման գյուղերում ինչպես են խնդիրները միասնական լուծման ճանապարհով կարգավորելու:

«Օպտիմալացման ցանկացած հարց, բնականաբար, պետք տեսնել ծախսերի մեջ, սակայն Ֆինանսների նախարարության վերջին եզրակացության մեջ ասված էր, թե օգուտը գրեթե զրոյական կլինի: Գուցե բյուջեն սկզբնական շրջանում տնտեսի, բայց հետագայում ցանկացած համայնք, որը վերանում է, մի տնտեսական բջիջ է սառեցնելու՝ անասնապահության, խոտհարկի և այլնի տեսանկյունից: Եթե ֆինանսական օգուտ չկա, ապա ցուցիչ է, որ հետագայում վնաս է լինելու»,- ընդգծեց նա:

Տնտեսագետը գտնում է, որ համայնքների խոշորացման պարագայում փոքր գյուղը չի մտածելու հարևան գյուղ գնալու մասին, փոխարենը արտագաղթելու է կամ գա դեպի մայրաքաղաք: Խաչատրյանը կարծում է, որ սա համայնքների «անապատացման» է տանելու: Վերջինս նաև դեմ արտահայտվեց մարզերի խոշորացման հնարավոր գործընթացին՝ նկատելով, որ դա էլ կենսունակ չի լինի:

 

 

ՀեղինակԱնի Օհանյան