Հաքերը փորձել է գայթակղել Մելանյա Թրամփին իր քաղաքի մեծ պատերով և խաղատներով

12:48 • 25.05.17

Բելգիացի հաքերը, որը հայտնի է Inti de Ceukelaire ծածկանվամբ, գտել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի էլեկտրոնային հասցեն և հրավիրել նրան իր քաղաք: Այս մասին հայտնում է The Next Web-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Մելանյա Թրամփի էլեկտրոնային հասցեն գտնելու համար հաքերն օգտվել է իր հեղինակային սկրիպտից և Facebook սոցցանցի գաղտնիության պարամետրերում առկա սողանցքից: Նա հաղորդագրություն է ուղարկել Մելանյա Թրամփին՝ կատակով հրավիրելով նրան այցելել բելգիական Ալստ քաղաք-կոմունա և համեմատելով այն Լաս Վեգասի հետ:

«Ալստը դուր կգա Ձեզ: Հատուկ հարուստ մարդկանց համար այստեղ և՛ խաղատներ, և՛ հյուրանոցներ կան… Մոռացի՛ր Դոնալդի մասին, մենք այստեղ Դոզզի ունենք», - գրել է հաքերը՝ նկատի ունենալով քաղաքապետ Քրիստոֆ Դիեյզին:

Հաքերը փորձել է գրավել Մելանյա Թրամփի ուշադրությունը քաղաքի մեծ պատերով, որոնք Ալստի բնակիչներին իբր պաշտպանում են «մեքսիկացիների տեղական անալոգից»՝ հարևան Դենդերմոնդե կոմունայի բնակիչներից: Հաքերը նաև խորհուրդ է տվել Բելգիայում կառուցել հերթական Թրամփ-թաուերը:

«Իմաց տուր ինձ, եթե ցանկանաս գալ», - ասել է նա ԱՄՆ առաջին տիկնոջը՝ խորհուրդ տալով Facebook-ի գաղտնիության պարամետրերում թաքցնել էլեկտրոնային հասցեն:

 

Հաքերը փորձել է գայթակղել Մելանյա Թրամփին իր քաղաքի մեծ պատերով և խաղատներով