Մեծ Բրիտանիայում ձկան պես լողացող ստորջրյա սարք են ստեղծել (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում ստեղծվել է սարք, որը հնարավորություն է տալիս ստորջրյա նկարահանումներ իրականացնել՝ չվախեցնելով ջրային արարածներին: Բանն այն է, որ ձկան տեսքով BIKI կոչվող նորույթը լողում է ձկան պես:
Business Insider-ի հաղորդմամբ՝ ռոբոտ-ձուկը հագեցած է բարձր թողունակությամբ տեսախցիկով, ինչի շնորհիվ կարելի է բարձրորակ նկարահանումներ անցկացնել ջրի տակ: Հատկանշական է, որ սարքն ի վիճակի է սուզվել մինչև 60 մետր խորության վրա՝ կառավարվելով սմարթֆոնի կամ պլանշետի համար նախատեսված հատուկ հավելվածի միջոցով: Դրանից բացի, սարքը հնարավոր է կառավարել ջրակայուն վահանակով՝ այն դեպքում, եթե օգտատերը ցանկանում է նույնպես սուզվել ջրի մեջ և հետևել դրա աշխատանքին:
Նշվում է, որ իր տեսքի և բնական շարժումների շնորհիվ դրոնը չի վախեցնում ջրային կենդանիներին, ահա թե ինչու դրա օգնությամբ հեշտ է նկարահանել նրանց կյանքը:
Հայտնի է, որ նորույթի արժեքը մոտ 600 ԱՄՆ դոլար է:










